Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ հայտարարագիր չի ներկայացրել կնոջ եկամուտների եւ ունեցվածքի մասին, քանի որ նրա հետ կապված է եկեղեցական ամուսնությամբ, որը չի ենթադրում որեւէ լրացուցիչ փաստաթուղթ:
«Ես եկեղեցով եմ ամուսնացած, որը չի ենթադրում որեւէ լրացուցիչ փաստաթուղթ: Հայտարարագիր ներկայացնելու պահանջը վերաբերում է ԶԱԳՍ-ի մարմիններում գրանցված ամուսնությունների դեպքում, իսկ քաղաքացիական կամ եկեղեցական ամուսնությունը դրան չի վերաբերում»,-ասել է Ժիրինովսկին, գրում է «Վզգլյադը»:
Կուսակցության աղբյուրը հայտնել է, որ 2012-ին ՌԴ նախագահական ընտրություններում Ժիրինովսկին իր թեկնածությունն առաջադրելու պահին հայտարարագրել է իր եւ կնոջ ունեցվածքն ու եկամուտները, քանի որ նրա հետ պաշտոնապես ամուսնացած է եղել:
Հարցին, թե Ժիրինովսկին արդեն ամունսալուծվե՞լ է, աղբյուրը պատասխանել է, որ նա արդեն մեկնաբանել է այդ հարցը:
Ռուսաստանի օրենքով եկեղեցական ամուսնությունն իրավաբանական ուժ չունի:
Պետդումայի պատգամավորների հայտարարագրերը հրապարակվել են ապրիլի 15-ին, ըստ որի Ժիրինովսկին 2012-ին վաստակել է 2,56 մլն ռուբլի, այն դեպքում, երբ 2011-ին այդ թիվը կազմում էր 3 մլն ռուբլի:




























