Մեզ համար առայժմ հասկանալի չէ, թե ինչ է լինելու ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցում, ուր իր հանրահավաքի մասնակիցներին հրավիրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Հետո հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ինստիտուտիցիոնալացման հետ խնդիր ունի, նաեւ վերկուսակցական կառույցի կամ քաղաքացիական ֆորումի կարիք կա: Մեզ համար այդ գործընթացը դեռ անհասկանալի է»,- նշել է Աղվան Վարդանյանը:
Նա հավաստիացրել է, որ եթե «Ժառանգության» անդամները նախաձեռնել են այդ հանդիպումը, պարտադիր կդիմեն քաղաքական ուժերին եւ կհրավիրեն, առաջին հերթին` ՀՅԴ-ին, պարզաբանելով, թե այդ ինչ հանդիպում է եւ ինչ հարցեր են բարձրացվելու: «Եթե նման հրավեր լինի, մենք միշտ պատրաստ ենք հանդիպումների եւ քննարկումների: Շարժման սկզբից մենք արտահայտել ենք մեր մոտեցումները նրա նկատմամբ: Մենք ընդգծում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կարեւորությունը եւ բարձր ենք գնահատում նրա դերը գործող ռեժիմի փոփոխության գործում, սակայն այն պետք է հստակ նպատակներ ունենա»,- ընդգծել է Աղվան Վարդանյանը:




























