Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից այսօր` ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:
Այդ հոդվածներով սահմանվում է հանցափորձը, հանցակիցների տեսակները եւ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մարտի 18-ին մերժվել էր: Նրանք դիմել են Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:




























