Մինչեւ օլիգարխի կողմից անօրինական ձեւով կառուցված գոնե մեկ շենք չապամոնտաժենք, մենք կետային կառուցապատումից չենք ազատվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երեւանի բնապահպանական խնդիրների լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը՝ հավելելով, որ ՀԿ-ներն ի տարբերություն կուսակցությունների միշտ հետամուտ են լինում խնդիրները վերհանելու գործում եւ դրանց լուծման համար մղվող պայքարի մեջ:

Քննարկման բոլոր մասնակիցները վստահեցրել են, որ, ավագանում ընդգրկվելով, պետք է պայքարեն մայրաքաղաքում բնապահպանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ավագանու թեկնածուները առաջնային են համարել Հրազդանի կիրճի եւ Նուբարաշենի աղտոտվածության խնդիրների լուծումը, անդրադարձել պետության գերակա շահի անվան տակ վերացող կանաչ տարածքներին, կետային շինարարության ազդեցությանը կանաչ տարածքների վրա, այգիների հատվածավորված սեփականաշնորհմանը եւ այլ խնդիրների:

 «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը համոզմունք է հայտնել, որ խնդիրները լուծելու համար լուրջ քաղաքական կամք է հարկավոր: «Օրենքի լավ լինելու դեպքում անգամ, եթե չկա քաղաքական կամք, այն կարելի է շրջանցել, ու օղակաձեւ այգին դրա լավագույն օրինակն է»,- ասել է նա:

Դանիելյանը Երեւանի առաջնային խնդիրների թվին է դասում Նուբարաշենի աղբի ոչ վերամշակված լինելը, որը կարող էր վաղուց լուծված լինել, եթե հայերը չմտածեցին, որ ճապոնացիներն ուզում են մոնոպոլիզացնեն հայկական աղբը:

«Մեր ծրագրերում հիմնական շեշտը դրված է աղբի վերամշակաման գործարանի ներդրման ու շահագործման վրա: Ես անձամբ բնակվում եմ Նուբարաշենում ու ճիշտ է Կարինե Դանիելյանը, որ այնտեղ հարցը միայն մասամբ է լուծվել ճապոնացիների կողմից ներդրած տեխնիկայի միջոցով, եւ եթե այն ամբողջությամբ կիրառվի, Նուբարաշենը գոնե կարելի է ապահովել հոսանքով»,- ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը:

Նա նշել է ոլորտներ, որ սրճարաններին պայմանագրերը տրվել են 10 տարի առաջ, 50-60 տարի օգտագործման ժամկետով, եւ այսօրվա ավագանին դրա դեմ որեւէ կերպ չի կարող պայքարել:

Երեւանի հատակագիծը «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանի կարծիքով՝ ամեն օր խախտվում է քաղաքապետարանի համաձայնությամբ:  «Կառուցապատելու ենք օրինական ձեւով, կանաչապատելու ենք, կարգավորելու ենք քաղաքաշինությունը, բակերում լինելու են այգիներ եւ ոչ թե ավտոտնակներ, լուծելու ենք ջրահեռացման խնդիրները, մենք չենք ունենալու տրանսպորտի գծեր գործող քաղաքապետի պես»,- ասել է Մուրադյանը:

Երեւանում կատարվող կանաչապատման աշխատանքները ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Եվա Թովմասյանը որակել է որպես դեկորատիվ, որը իրականում օդի աղտոտվածության խնդիրը չի լուծում:

«Հանրային տարածքները անխիղճ յուրացնում են: Մինչեւ այսօր գերակա շահ հայտարարած տարածքներից ոչ մեկը չի ծառայել հասարակության շահերին»,- ասել է Թովմասյանը:

Նշենք, որ ասուլիսին մասնակցել են Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի համամասնական ցուցակների անդամներ` Ապրես Զոհրաբյանը (ՀՅԴ), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Սուսաննա Մուրադյանը (Բարեւ Երեւան), Հրաչ Սարգսյանը (Առաքելություն), Հրայր Սարգսյանը (ՕԵԿ) եւ Եվա Թովմասյանը (ՀԱԿ):