Նուբարաշենը Երեւանի բաղկացուցիչ մասն է եւ նրա խնդիրները շարունակվելու են հետայսու եւս լուծվել: Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Այս թաղամասն իր օրակարգն ունի, զարգացման իր պոտենցիալը, որը, մյուս թաղամասերի հետ հավասար, պետք է իրացվի»,- նշել է Մարգարյանը: Նշենք, որ Նուբարաշենը բնակչության շրջանում այնքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում ինչպես Երեւանի մնացած հատվածից կտրված լինելու, այնպես էլ մերձակայքում գտնվող աղբանոցի եւ թունաքիմիկատների գերեզմանոցի պատճառով:

Մարգարյանի խոսքով, իշխող կուսակցության «Ավելի լավ Երեւան» կարգախոսը վերաբերում է ոչ միայն Կենտրոնի բնակչին, այլեւ նուբարաշենցուն: նա եւս բարեկարգ բակի, մաքուր օդի եւ առողջ կյանքի պայմանների իրավունք ունի»:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, ՀՀԿ ընտրացուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը: