Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) փորձագետները պատրաստել են «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության եւ պրակտիկայի վերլուծությունը», որն ուսումնասիրում է, թե որքանով է միգրացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը: Ուսումնասիրելով միգրացիայի հետ կապված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ պրակտիկաները, վերլուծությունը պարզել է, թե որքանով է Հայաստանի իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտը համապատասխանում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան Շարժունակության համագործակցության համաձայնագրի, ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման եւ ԵՄ-Հայաստան հետընդունման  համաձայնագրի պահանջներին: 

Վերլուծությունը իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության հովանու ներքո: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը բարձր է գնահատել օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ միգրացիայի կառավարման ոլորտում ներգրավված ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները:

ՄՄԿ-ի Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը մեծապես գնահատել է միգրացիայի կառավարման եւ միգրացիայի միջազգային իրավունքի ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը: «Այս վերլուծությունը ուղղված է եւ՛ իմիգրացիային, եւ՛ էմիգրացիային, ի հավելումն օրենսդրական եւ քաղաքականությունների ուսումնասիրությանը՝ ուսումնասիրվել է  նաեւ դրանց առնչվող վարչական եւ դատական պրակտիկան»,-ասել է Տեր-Մինասյանը:

Սույն վերլուծությունը բաղկացած է 17 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրում է միգրացիայի կամ ապաստանի հետ կապված բազմազան թեմաներ:  Թեմաները ներառում են միգրացիայի ամբողջ ցիկլը՝ սկսած մուտքից (ներառյալ ճանապարհորդական փաստաթղթեր, վիզաներ), կացություն (աշխատանք, ուսումնառություն, ընտանեկան միգրացիա) մինչեւ ելք, վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) եւ արտաքսում:  Անդրադարձ է կատարվում նաեւ անկանոն միգրացիային եւ մարդկանց թրաֆիքինգին, ինչպես նաեւ ինտեգրմանը, անհատական տվյալների պաշտպանությանը եւ հավաքագրմանը:

Վերլուծությունը կատարվել է միգրանտների իրավունքների եւ խտրականության բացառման պրիզմայով: Յուրաքանչյուր բնագավառի համար ներկայացված է ԵՄ իրավական դաշտը, այնուհետեւ Հայաստանի համապատասխան իրավական դաշտը:   Բացթողումների վերլուծությունը կատարվել է երկու մակարդակով՝ Հայաստանի օրենդրության եւ դրա գործնականում կիրառության հարցում նախանշված բացթողումները եւ Հայաստանի օրենսդրության եւ ԵՄ Կանոնագրքի միջեւ նախանշված բացթղումենրը: 150 հստակ առաջարկություններ են արվել բացթողումների լրացման համար:  Այս  ուսումնասիրությունը տեխնիկական աջակցություն է «2012-2016 ՀՀ-ում Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի  գործողությունների ծրագրի» համար: 

Այսօր այս վերլուծության հիմնական հանձնարարականները քննարկվել են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության եւ պրակտիկայի վերլուծությունը» կծառայի որպես «ճանապարհային քարտեզ» ազգային կանոնակարգերն ու ընթացակարգերն եվրոպական չափանիշներին ներդաշնակեցման գործում:

Ուսումնասիրությունը կատարվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության զարգացման հիմնադրամի կողմից  եւ իրականացվում է ՄՄԿ-ի եւ ՄԶՄԿ-ի կողմից: Ծրագրի նպատակներից մեկն էր ԵՄ Կանոնագրքին՝ միգրացիայի կառավարման վերաբերյալ օրենսդրության հնարավոր մոտարկման մասով իրազեկվածության բարձրացումը: «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի ընդհանուր բյուջեն 2,45 մլն եվրո է, որից 1,95 մլն-ը տրամադրել է ԵՄ-ը: