Երեւանում լեցուն փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, լեգենդար մարզիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը՝ խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ հին ու նոր Երեւանի մասին:
Նրա խոսքով՝ Հայաստանը հարուստ երկրների շարքում չի դասվում, բայց մեր հնարավորություններից ելնելով պետք է քաղաքին օգտակար լինենք: «Ապագա քաղաքապետը առկա խնդիրներին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի: Ես որպես նախագահի խորհրդական, նախորդ եւ ներկա քաղաքապետի` Տարոն Մարգարյանի հետ հանդիպումներ ունեցել եւ խոսել եմ: Ինձ համար փոքր ու մեծ հարց չկա, սակայն ինձ համար առաջնային խնդիր է ճանապարհների հարցը: Երբ արտերկրից եկա, ակնհայտ էր, որ երբ իմ տնից աշխատավայր էի գնում, բաց «լյուկեր» կային. կարճ ժամնակահատվածում այդ հարցը լուծվեց: Բայց Երեւան քաղաքում այդպիսի լեցուն փողոցներ ունենք»,- ընդգծեց Յուրի Վարդանյանը:
Նրա ներկայացմամբ՝ կատարված փոփոխությունները տեղին են եղել, «սակայն այնքան անելու բաներ կան, որ աշխարհի լավագույն քաղաքապետին էլ բերենք դնենք, մեր հնարավորություններով դեռ 20 տարի անհրաժեշտ է դրանք լուծելու համար»:
Անդրադառնալով քաղաքապետի թեկնածուներին, Յուրի Վարդանյանն ասաց, որ բոլորն էլ «քչից-շատից» ուզում են լավ բան անել, բայց այստեղ արդեն հնարավորությունների խնդիր է:
Յուրի Վարդանյանն ավելացրեց, որ իրեն դուր չի գալիս այն, որ պատմամշակութային շենքերի կողքին ոչ ճիշտ կառույցներ են կառուցում:
Նա դժգոհ է նաեւ համատիրությունների աշխատանքից: Նախագահի խորհրդականն ասաց, որ ինքը բնակվում է Լեոյի փողոցում, տարեկան 250 դոլար վճարում են համատիրության ծախսերի համար եւ ոչ մի խնդիր չունեն, ուստի կարծում է, որ մյուս վարչական շրջանի բնակիչներ էլ պետք է վճարեն, որ խնդիրները լուծվեն:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























