ՀԱԿ-ը հանրությանը հայտնի է ոչ դահլիճային հանդիպումներով, ավելի շատ հրապարակներում հանդես գալով, բայց խորհրդարանական ընտրություններից հետո կարծես թե մենք չկայինք, այժմ մենք ներկայանալու կարիք ունենք:

Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին հիմնական շեշտադրումները երկուսն են՝ քաղաքական եւ քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցեր: «Ես կողմնակից եմ, որ սա գնահատեն որպես քաղաքական ընտրություն, հաշվի առնելով Երեւանի դերը ամբողջ հանրապետությունում: Համոզված ենք, որ Հայաստանում ինչպիսի ընտություններ էլ լինեն, հաջողության չենք հասնի, եթե կառավարման համակարգը չի փոխվում: Մեր անհաջողությունները պայմանավորված չեն տնտեսական, մշակութային, սոցիալական դրդապատճառներով, դրանք, ըստ էության, քաղաքական են, որովհետեւ ՀՀ-ում չի գործում օրենք, չկա ազատ մարդ, քաղաքական գործունեությամբ զբաղվողները միշտ դատապարտվում են եւ չկա մրցակցություն»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանն ահազանգում է, որ իշխանությունն օգտագործում է  իր ամբողջ վարչական ռեսուրսը, միեւնույն ժամանակ, շեշտում, որ այս ընտրություններում, ի տարբերություն նախագահական ընտրությունների, վախի մթնոլորտը ավելի շատ է, ազդեցությունը քաղաքացիների վրա անմիջական է:  Նա նշեց, որ իրենք ցանկություն ունեն դպրոցներում հանդիպել, սակայն հնարավորություն չունեն, նույնիսկ բակային հանդիպումների ժամանակ մարդիկ վախենում են տներից դուրս գալ եւ հանդիպման գնալ, եւ այստեղ մեղավորը ոչ թե ՀՀ քաղաքացին է, այլ՝ իշխանությունը:

«Մենք պատրաստ ենք եւ պատրաստ էինք, որ իշխանությունը այս մեթոդներով է գործելու, շատ լավ հասկանում ենք, թե իշխանության համար ինչ է նշանակում Երեւանի ավագանին եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, հետեւաբար՝ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ այս քաղաքական պայքարում հաղթի»,- ասաց նա:

Երեւանի նախկին քաղաքապետը հավելեց, որ իշխանության հաղթանակի հաջողությունը կախված է  ընդդիմադիր ուժերի մասնակցության ձեւից, միմյանց հետ համագործակցելուց: «Մենք հնարավորություն ունենք հաղթելու, դրա շանսերը բավականին բարձր եմ գնահատում, հաշվի առնելով, որ ժողովուրդն իսկապես հոգնել է այս իշխանություններից:  Մենք հնարավորություն ունենք չորս ուժերով նույնիսկ այս կառավարման համակարգի պայմաններում հաղթել»,- ասաց Երեւանի նախկին քաղաքապետը: Նա շեշտեց, որ ընտրություններին ընդդիմադիր ուժերը պատրասատակամություն ունեն համագործակցել ընտրական ընթացքը վերահսկելու, միմյանց տեղեկություններ փոխանցել եւ այդպես ուժեղ կլինի վերահսկողությունը: Քննարկումները, նրա խոսքով, ընթանում են ոչ միայն նախընտրական համագործակցության, այլեւ հետընտրական զարգացումների մասին, մասնավորապես՝ կոալիցիա կազմելը եւ քաղաքապետի պաշտոնը վերցնելու:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի