Ապրիլի 30-ին Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ հանրահավաքին մասնակցելու եւ ելույթով հանդես է գալու առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, համամասնական ցուցակի թեկնածուներ: Նա հույս ունի, որ այդ օրը կլինեն նաեւ այլ քաղաքական ուժերի ելույթներ, որոնց հետ համագործակցում են:
Երեւանի նախկին քաղաքապետն իր մտահոգությունը հայտնեց, որ այս տարիների ընթացքում մենք կորցրել ենք քաղաքային միջավայրում ապրող մարդուն, քաղաքացուն: «Քաղաքը կորցրել է այդ մարդուն, պետք է նրան վերադարձնենք, դրա համար շատ մեծ անելիքներ են պետք, եթե չկա մաքուր քաղաք, երբեւէ քաղաքացուց չես կարող պահանջել, որ ինքը մաքրասեր լինի»,- ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն Երեւանի հետ կապված առանձնացրեց մի շարք խնդիրներ՝ աղբահանություն, տրանսպորտի հարց, մետրոյի նոր կայարանի կառուցում, կանաչ տարածքներ, ապօրինի շինություններ եւ այլն: Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ պետք է իշխանությունը վերադարձնել քաղաքացուն, քաղաքացուն պետք է քաղաքի կառավարման մասնագետ դարձնել: Դրա համար նա պետք է հնարավորություն ունենա օրենքով սահմանված կարգով մասնակցել Երեւանի ավագանու նիստերին, որոնց այժմ չի մասնակցում:
Վահագն Խաչատրյանը նաեւ անդրադարձավ իր կառավարման տարիների թերություններին եւ իրեն հնչեցվող մեղադրանքներին: Նա նշեց, որ իր ղեկավարած տարիներին ապօրինի սեփականաշնորհում չի եղել: «Մեր կողմից որեւէ օրենքից դուրս գործողություն չի եղել, կրակոցները դադարեցվել են Վանո Սիրադեղյանի իշխանության գալուց հետո, մինչ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կրակոցներ կային: Եթե քաղաքում լույս չկար, միայն քաղաքային իշխանությունների մեղավորությունը չէր, այդ ընթացքում ծառերը փրկեցին մեր քաղաքացիների կյանքը, բայց հետո մենք չկարողացանք այդ ծառերը վերականգնել: Այն տարիներին, երբ ես եմ ղեկավարել քաղաքային իշխանությունը, մենք երեւանցիների համար հարմարավետ պայմաններ չենք ստեղծել, շատ էինք ցանկանում, բայց չէինք կարող՝ ֆինանասնական, տեխնիկական պաճառներով, ինչքան էլ ցանկանայինք հոսանք լիներ, չէինք կարող, հոսանք չկար: 1995 թվականից հետո սկսեցինք մարդավայել կյանքով ապրել: Քաղաքն այլ տրամաբանությամբ էր կառուցված, տնտեսությունը այլ ձեւով պետք է ղեկավարվեր, բայց այդ տարիներին ստիպված էինք լրիվ այլ ձեւով կառավարել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:




























