Ադրբեջանցի գործիչ, կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւը պատմել է գրող Աքրամ Այլիսլիի վրա կատարված անհաջող մահափորձի մասին: Այդ մասին հայտնում է SalamNews-ը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Հաջիեւը 10 հազար մանաթ (12 հազար դոլար) պարգեւ էր խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջները` նրա աղմկահարույց «Քարե երազներ» գրքի համար:
Հաջիեւը պատմել է, որ դրա համար երիտասարդների խումբ է հավաքել եւ փոխանցել է նշված գումարը: «Ես երիտասարդներին ասացի, որ Այլիսլիին սպասեն տան մոտ եւ դուրս գալուն պես կտրեն ականջները: Այդ մարդիկ մի քանի օր մնացին Այլիսլիի տան մոտ, բայց հետո իշխանության հարգելի անձինք ասացին, որ հրաժարվեմ այդ մտահղացումից: Եւ ես ստիպված հրաժարվեցի»,- պատմել է Հաջիեւը: Նա երիտասարդներին խնդրել է վերադարձնել գումարը, սակայն մերժում է ստացել: «Ստացվում է, որ ես իզուր ծախսեցի 10 հազար մանաթ»,- բողոքել է Հաջիեւը:
Նշենք, որ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւը մտադիր է առաջադրվել որպես նախագահի թեկնածու 2013թ. աշնանը կայանալիք ընտրություններում:
Հիշեցնենք, որ ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում հրապարակված ադրբեջանցի գրողի «Քարե երազներ» ստեղծագործությունն Ադրբեջանում զայրույթի փոթորիկ է առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերների դժգոհության պատճառը հայերի հանդեպ կարեկցանքի երանգն է: Ադրբեջանի «մտավորականության» ներկայացուցիչները պահանջում են Աքրամ Այլիսլիին զրկել բոլոր կոչումներից եւ պատասխանատվության ենթարկել: Քննարկվում է նույնիսկ գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:




























