Եվրոպայի Խորհրդի համար կարեւորագույն մարտահրավերներից մեկը մնում է տոտալ կոռուպցիան: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն ապրիլի 17-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: 

Կազմակերպության առջեւ ծառացած կարեւոր մարտահրավերների թվում նա թվարկել է հարկերից խուսափելը, թրաֆիքինգը, անդրսահմանային հանցավորությունը: «Դրանք ռեալ սպառնալիքներ են, որոնք խարխլում են քաղաքացիների հավատը քաղաքական եւ պետական հաստատությունների նկատմամբ: Եվրոպայի անվտանգության սպառնալիքները ներսում են, այլ ոչ դրսում»,- նշել է Յագլանդը` հավելելով, որ «հարկային դրախտի» գոյությունը խարխլում է պետության նկատմամբ վստահությունը:

Նրա խոսքով, պետք է առավելագույն ջանքեր գործադրել այդ երեւույթների դեմ պայքարելու համար: Աշխատանքի այլ ուղղությունների թվում Յագլանդը նշել է փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը այլատյացության, ատելության դրսեւորումների, բռնությունների դեմ: