«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 43-ամյա Հակոբ Նահապետյանը, ով մեղադրվում է ապրիլի 9-ին Արարատում ընկերուհուն խեղդամահ անելու, ապա ինքնասպանության փորձ կատարելու մեջ, վնասել է իրեն եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Հակոբ Նահապետյանն ինքնասպանության փորձ կատարելիս կրծքավանդակին հասցրած վերքի տեղում փորձել է գրիչ մտցնել, այդպիսով վնասել է իրեն եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, նա նորից տեղափոխվել է մեկուսարան:
Նշենք, որ 43-ամյա տղամարդը Վանաշենից է, ապրում է ծնողների հետ, իսկ երկու եղբայրները գտնվում են Բելառուսում: Նրա կինն աշխատում էր գյուղի դպրոցում, իսկ վերջինս զբաղվում էր առեւտրով, խանութներին միրգ, բանջարեղեն էր բաժանում: Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանումը, Հակոբ Նահապետյանը հասցրել էր մի քանի բառ փոխանակել հավաքվածների հետ եւ հայտնել էր, որ «այդ կինը զզվեցրել էր իրեն, կյանքը կերել էր, նույնիսկ եկել էր իր տանն էր տեսարաններ սարքել, այլեւս չէր ցանկանում ապրել»:
Բանն այն է, որ սպանությունից առաջ նրա ընկերուհին` Վեդի քաղաքից 29-ամյա Աննա Ավետիսյանը, ով ի դեպ, ամուսնալուծված է եւ ունի 2 երեխա, դեպքից մի քանի օր առաջ եկել էր Հակոբի տուն եւ տեսարան է սարքել` նրա կնոջն ու երեխաներին հայտարարելով, թե վերջինիս ընկերուհին է, եւ տղամարդը պետք է ապրի հետ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում ապրիլի 9-ին, տղամարդն սպանել է իր ընկերուհուն: Ժամը 23.50-ի սահմաններում 43-ամյա Հակոբ Ն.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը 19.30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի դաշտերում իր ընկերուհի 29-ամյա Աննա Ա.-ի եւ իր միջեւ վիճաբանության ժամանակ ձեռքերով պարանոցը սեղմելով խեղդամահ է արել նրան: Դրանից հետո իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել էր ինքն իրեն` կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:Հակոբ Ն.-ն տեղափոխվել էր Վեդիի հիվանդանոց: 43-ամյա Հակոբ Նահապետյանը կալանավորվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):




























