Մոսկվայում 44 տարեկան հասակում մահացել է Նովոսիբիրսկի երկրամասի Օրենսդրական ժողովում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Անդրեեւը: Պատգամավորի դին հայտնաբերել են ապրիլի 16-ի ցերեկը, «Պյոտր Առաջին» հյուրանոցի համարներից մեկում:

Դատաբժշկական փորձագետները` տեղում զննելով մահացածի մարմինը, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Պատգամավորի մահվան պատճառները կպարզեն հետագա փորձաքննությունները, հաղորդում է «АН-online»-ը:

Մարզային խորհրդարանի խոսնակ Իվան Մորոզը հայտնել է «Ինտերֆաքսին», որ նախնական տվյալների համաձայն` Անդրեեւի մահվան պատճառը սրտի աշխատանքի կանգն է եղել: Բացի այդ, նա նշել է, որ Անդրեեւը տառապել է ծանր հիվանդությամբ, եւ մի քանի վիրահատություններ է տարել:

Սակայն, Life News-ի վկայություններով` նախօրեին Անդրեեւը երկու անգամ հյուրանոց շտապօգնություն է կանչել: Նա բողոքել է սրտխառնոցից, բայց կտրականապես հրաժարվել է հիվանդանոց գնալ: Երրորդ անգամ բժիշկներին կանչել են արդեն Անդրեեւի մահը հաստատելու համար: Բժիշկները համարել են, որ սրտի կանգի պատճառ կարող է հանդիսանալ ուժեղ թունավորումը: