Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, որոշվել է 2013 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաեւ մինչեւ 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին եւ մինչեւ 2013 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ: Որոշվել է նաեւ 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:




























