Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Մենք հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես օտար երկրների ղեկավարները երբեմն ընդհատում են իրենց պաշտոնական եւ աշխատանքային այցերը Հայաստան՝ խուսափելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը մասնակցելուց»,-ասաց Վիրաբյանը:
Նրա համոզմամբ՝ պատմական փաստերը ոչ մի դեպքում չեն կարող առաջընթաց արձանագրել Ցեղասպանության ճանաչման գործընթացում:
«Թեեւ տարբեր երկրներ կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն կրկնվեմ, դա քաղաքական հարց է, իսկ քաղաքականությունը մնում է նույնը: Չնայած դրան, մենք պետք է շարունակենք աշխատանքը»,-ամփոփեց Ազգային արխիվի տնօրենը:




























