Երեւանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են փոխելու իրավիճակը երկրում, ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ առաջին խնդիրն այն է, որ դա էապես կթուլացնի ռեժիմի հնարավորությունները՝ վերահսկելու քաղաքական գործընթացները եւ ընդհանրապես ռեժիմի դիրքերը կթուլանան: «Երեւանի քաղաքապետարանն ամբողջատիրության այս համակարգում կարեւոր դեր է կատարում, եւ եթե այդ բուրգից այն ազատագրվում է, ռեժիմի դիրքերը էապես թուլանում են, մենք սկսում ենք ապրել նոր երկրում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: 

Պատգամավորի խոսքով՝ երկրորդ հարցն այն է, որ այն հնարավորություն կտա ամբողջ հանրապետությունում իշխանությունը քաղաքացուն վերադարձնել եւ ավազակապետական ռեժիմից ազատվելու համար: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ սա կարեւոր էտապ է, որը բացում է դուռ ընդհանուր իշխանափոխության համար: Երրորդը կետը, նրա խոսքով,  պետական կառավարման համակարգում  հակակշիռների համակարգ ստեղծելն է, որից էապես կօգտվի ժողովուրդը: «Եթե  հիմա  իշխանության կառավարման համակարգը ենթարկվում է Սերժ  Սարգսյանին եւ նրա կամայականություններին, երբ քաղաքապետարանն անցնի ընդդիմության ձեռքը, կսկսեն գործել իշխանության կառավարման համակարգը կարգավորող լրիվ այլ մեխանիզմներ, քաղաքապետարանի գործունեությունը կկարգավորվի օրենքով, ոչ թե Սերժ Սարգսյանի ցանկությամբ»,- ասաց նա: 

Լեւոն Զուրաբյանի ներկայացմամբ՝ չորրորդ կետն այն է, որ էապես կնվազի կոռուպցիան, քանի որ իշխանությունը եւ ընդդիմությունը կհայտնվեն մրցակցության մեջ,  իսկ հինգերորդը՝ քաղաքական պայքարը կտեղափոխվի քաղաքակիրթ մրցակցության դաշտ, որովհետեւ այլեւս իշխանությունը եւ ընդդիմությունը ստիպված են լինելու խոսել փաստերով, կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ:

«Վեցերորդ կետը՝ ստեղծված համակարգում շատ ավելի ազատ կշնչի քաղաքացին,  բիզնեսը, գործարարը, կհայտնվեն ավելի ազատ, նպաստավոր դաշտում»,- ամփոփեց Լեւոն Զուրաբյանը: