Հայ ազգային կոնգրեսն օգտագործել է Հայոց համազգային շարժման ողջ ռեսուրսը, ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ի կազմում չի ընդգրկվել եւ այդ կառույցի համար ոչինչ չի արել:
«Հիմա կա ՀԱԿ դաշինքը, ՀԱԿ կուսակցությունը, ՀԱԿ խմբակցությունը: Կարծում եմ՝ լուծումը պարզ է. Որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այնտեղ էլ ՀԱԿ-ն է: Այստեղից էլ «մարդ-կուսակցություն» մոտեցումը»,-ասաց Իգիթյանը՝ հավելելով, որ դա ոչ թե վատ կամ լավ իմաստով է ասում, այլ փաստն է արձանագրում:
Փորձագետը հիշեցրեց յուրաքանչյուր մարդու սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ սխալվելու իրավունքը: «Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ»,-ասաց Իգիթյանը:
Միաժամանակ նա նշեց այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի կողմնակիցների թիվը վերջին տարիներին էապես կրճատվել է: «2008-ին ՀԱԿ-ի կողմնակիցները շատ էին, բայց որոշ քայլերից կամ սխալներից հետո այդ թիվը զգալիորեն նվազեց, դա նույնպես փաստ է»,-ասաց փորձագետը:




























