Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, որպես անկուսակցական, անդամագրվել է մոտ երկու հազար մարդ, մարդկային ռեսուրսների առումով ՀԱԿ-ը հիմա շատ ավելի հզոր է, քան՝ երբեւէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
«Վերջին ամիսներին մենք ունեինք փոքր ճգնաժամի նման մի բան, որը կապված էր նրա հետ, որ այսպես կոչված մարդ-կուսակցությունները արգելակում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը: Երկրորդ խնդիրն այն էր, որ այլեւս չէր կարելի հաշտվել այն իրողության հետ, որ բազմաթիվ անկուսակցականներ, որոնք մեծ ցանկություն ունեին երեւալ քաղաքական այդ գործընթացների մեջ, հնարավորություն չունեին, սա էր պատճառը, ինչու դիմեցինք ՀԱԿ-ի ռեֆորմացիայի եւ շարժումը ստացավ նոր կազմակերպական ձեւ՝ կուսակցություն:
Այսուհետեւ կարող ենք համարել այս ճգնաժամը հաղթահարված, համագումարն ապացուցեց, որ գործ ունենք հզոր, համախմբված ուժի հետ, որն այլեւս որեւէ կապանք չունի, որոշումները ընդունվելու են կուսակցության ներսում վարչության կողմից՝ մեծամասնության քվեարկությամբ: Դրանով ապահովեցինք երկու խնդրի լուծումը»,- նշեց նա:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը պատրաստ է մարտի, պատրաստ է ագրեսիվ ընտրարշավի, անցկացնելու են համայնքային երթեր, հանրահավաքներ, իսկ ապրիլի 30-ին կլինի համապետական հանրահավաք: «Քննադատության միակ թիրախը իշխանություններն են: Փառք Աստծո, դրա համար բոլոր հիմքերը տալիս են: Ակնհայտ է, որ այս քաղաքապետարանն իսկապես խամաճիկ է, սպասարկում է օլիգարխներին»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում փաստեր կներկայացնեն Երեւան հիմնադրամի հետ կապված, ատկատների մասին:
ԲՀԿ-ի կողմից ՀԱԿ-ին ֆինանսավորելու մասին լուրերը Լեւոն Զուրաբյանը որակեց ապուշություն:
Նա նաեւ տեղեկացրեց, որ քննարկում են համագործակյցության ձեւերն ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հետ, «մի բան ընդունելի է բոլորի համար, ընտրատեղամասերում միասնաբար պահենք ժողովրդի ձայները, դրանում շահագրգռված են բոլորը, ինչը նշանակում է, որ կկարողանանք միասնական գործ կատարել, կարծես բոլորը, որոշ բացառություններով, համաձայն են, որ քննադատության միակ թիրախը պետք է լինեն իշխանությունները, եւ երրորդը, եթե կարողանանք ապահովենք, որ ՀՀԿ-ն չհավաքի քառասուն տոկոսը, կարող ենք կոալիցիա կազմել եւ միասնաբար վերցնել քաղաքապետարանը»:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ իշխանությունների երազանքն է, որ ընդդիմադիր ուժերը փորձեն իրար քննադատել, սակայն իրենք այդ խաղի մեջ չեն ներքաշվելու, «բացարձակապես անպատասխան են թողնելու որեւէ քննադատություն, որը գալու է իրենց ընդդիմադիր հորջորջող ուժերի կողմից»:




























