Մեր երեխաների այգիներում նույնասեռականներ չպետք է լինեն: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, քննարկում-ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ նույնասեռականները թող իրենց կրոնը դավանեն իրենց տներում: «Մեր երեխաների այգիներում նույնասեռականներ չեն լինելու եւ ցանկանում եմ սա փորձաքար դարձնել բոլորի համար: Ինչպես եք լուծելու այս հարցը հենց քաղաքապետարանի դիմաց: Վերջապես ամոթ է»,- իր հարցը ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին եւ ներկաներին ուղղեց Թաթուլ Մանասերյանը:
Նա նաեւ առանձնացրեց քաղաքում ավտոկայանատեղիների խնդիրը՝ առաջարկելով ժետոններով ավտոկայանատեղիներ ստեղծել, որը եւ հաշվառելի կլինի եւ գումարը կգնա բյուջե, ոչ թե անհատ մարդկանց գրպանները:
Վահե Նիկոյանը նախ անդրադարձավ ավտոկայանատեղիների խնդրին եւ ասաց, որ Երեւանի ավագանին անցյալ տարվա վերջին սահմանել է կանոնները, տեղերը, կահավորման ձեւերը, կիրառման կարգը: Հայտարարվել է նաեւ մրցույթ, որն արդեն ավարտական փուլում է: «Առաջիկայում կսկսեն կահավորման գործընթացները, իսկ առարկայական արդյունքը ակնհայտ տեսնելու ենք արդեն երկրորդ կիսամյակից հետո: Բոլոր իրավական հիմքերը ստեղծել ենք դա կիրառելու համար»,- տեղեկացրեց Վահե Նիկոյանը:
Իսկ նույնասեռականների հարցով նա նշեց, որ իրենք լիազորություններ չունեն խնդրին միջամտելու, ինչին ի պատասխան Թաթուլ Մանասերյանն արձագանքեց. «Բայց ձեր քաղաքապետարանի շուրջը հավաքված աղբը` նրանց թողած ներարկիչը եւ պահպանակները հավաքում եք, չէ՞ նրանցից հետո: Դուք կարծում եք դրան բյուջե հատկացնելը ավելի լավ է, քան դրա դեմ պայքարե՞լը, թե՞ խուսափում եք նրանց դեմ պայքարից»: ՕԵԿ-ից Ջուլիետա Թադեւոսյանն առաջարկեց լուսավորել տարածքը եւ տեսախցիկներ տեղադրել եւ այդ կերպ պայքարեն նրանց դեմ: ԲՀԿ-ական Պողոս Փլավչյանն էլ հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես ուղակի կժպտամ ու վերջ»:




























