Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը գոհ է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Այս մասին նա հայտնել է այսօր՝ ապրիլի 18-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարեւոր բաղկացուցիչներից մեկն է: 

 Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն մասնավորաբար մտահոգություն է արտահայտել «Զինապարտության մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ  եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների կապակցությամբ` ընդգծելով, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հավատի եւ կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաեւ միջկրոնական երկխոսության կարեւոր դերակատարությանը: