Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական խնդիրները չի լուծում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի նախաձեռնած բողոքի շարժումը։
Խոսելով հետընտրական իրավիճակի մասին, փորձագետը նկատեց, որ այժմ ավելի շատ խոսում են, թե ինչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը, քան՝ Սերժ Սարգսյանը։ «Քաղաքականության մեջ, ինչպես շախմատում, ինչի մասին այժմ Հայաստանում մոդայիկ է դարձել խոսելը, քայլերը պետք է հաջորդական լինեն։ Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլն արել է՝ մասնակցել է ընտրություններին, հաջող ընտրարշավ է ունեցել, կարելի է ասել՝ հաղթել է ընտրություններում, անկախ թվերից, ակնհայտ է, որ ժողովուրդը նրան համակրում է, եւ նա կարողացել է քաղաքակիրթ ձեւով պահպանել հաղթողի կերպարը», - կարծում է Հովհաննես Իգիթյանը։ Նրա կարծիքով, այժմ Սերժ Սարգսյանը պետք է մտածի, թե ինչպես գործի ստեղծված իրավիճակում մի երկրում, որտեղ ժողովուրդն անկհայտ ցույց է տալիս, որ համաձայն չէ իրերի դրության հետ։ Եւ ինչպես վարվել նրանց հետ, ով ստեղծել է այս իրավիճակն ու բերել իր հեղինակության անկում. կամ փոխել իրավիճակը կամ տեղափոխել այդ մարդկանց, կամ՝ ուղղել նրանց։ «Ամենակարեւորը, որ արյուն չթափվեց, եւ չկան քաղբանտարկյալներ։ Չկա խոչընդոտ երկխոսության համար, ի տարբերություն 2008 թվականի իրավիճակի», - նշեց Իգիթյանը՝ ավելացնելով, որ այժմ տարբեր փուլերում՝ ընտրություններից, երդմնակալությունից հետո, եւ այլն, իրավիճակը փոխվում է՝ թերադրելով այլ որոշումներ, սակայն ելք դեռ կա։
Նրա խոսքով, անցած նախագահական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը ցույց տվեց քաղաքական պայքարին մասնակցելու իր իրավունքը, այժմ մյուս կուսակցությունները պետք է ցուցադրեն իրենց ընդունակությունները։ Առավելեւս, որ հայտնի չէ նախագահական ընտրություններին չմասնակցած կուսակցությունների կողմնակիցների տոկոսը։




























