Իտալիայի նախագահի պաշտոնի համար այսօր` ապրիլի 18-ին, Պատգամավորների պալատի եւ Սենատի միասնական նիստում տեղի ունեցող ընտրություններում, որին ներկա են նաեւ երկրի բոլոր շրջանների պատվիրակությունները, թեկնածուներից ոչ ոք դեռ առաջին փուլն անցնելու համար բավարար քանակությամբ ձայն չի հավաքել:
Քվեարկության առաջին փուլն սկսվել է առավոտյան ժամը 10:10-ին: Սակայն, ինչպես եւ ակնկալվում էր, նախագահական աթոռի հիմնական հավակնորդ նախկին քրիստոնյա ժողովրդավար եւ արհմիության առաջնորդ, Սենատի նախկին նախագահ Ֆրանկո Մարինին առաջին փորձից չի կարողացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել: Հաշվարկից հետո 990 քվեաթերթիկներից միայն 521-ն է եղել Մարինիի օգտին, իսկ նրա մոտ մրցակցի` իրավաբան եւ քաղաքական գործիչ, «5 աստղերի շարժման» կողմից առաջադրված Ստեֆանո Ռոդոտային կողմ է եղել 240 ընտրող:
Քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի հինգշաբթի օրվա երկրորդ կեսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պետության գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի յոթամյա մանդատի ժամկետն սպառվում է մայիսի 15-ին: Նոր նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 1007 ընտրող, այդ թվում եւ 630 պատգամավոր, 319 սենատոր եւ Իտալիայի բոլոր շրջանների շրջանային խորհուրդների նշանակած 58 պատվիրակներ: Նախագահական ընտրություններն ընթանում են փակ քվեարկությամբ: Միաժամանակ` առաջին երեք փուլերը հաղթահարելու համար անհրաժեշտ է հավաքել 672 ձայն: Չորրորդ փուլից սկսած` բավարար է ստանալ ձայնի ճնշող մեծամասնությունը, այսինքն 504 ձայն:




























