Սիրիայում կատարվողն, ըստ էության, լայնածավալ պատերազմ է, որն սկսվել է ծայրահեղականության առանձին դրսեւորումներով, իսկ այժմ խոշոր արեւմտյան երկրների միջամտություն է` ԱՄՆ գլխավորությամբ, որը ոչ մի կերպ չի համակերպվում որոշ երկրների անկախության հետ անգամ Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ-Իբհարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Սիրիան կարեւոր աշխարհաքաղաքական դիրք ունի, որը պատմականորեն ձգում էր գաղութարարներին: Այդ երկրները փորձում էին իրականացնել իրենց էքսպանսիան նախ քաղաքական եւ տեղեկատվական պատերազմի, ապա վարձկաններին լոգիստիկ աջակցության միջոցով: «Որոշ տարածաշրջանային եւ արեւմտյան ռեժիմներ, որ իբր անդես են գալիս պաղեստինյան ժողովրդի կողմից, իրականում բոլոր ջանքերը գործադրում են, որ Սիրիան հրաժարվի տարածաշրջանում իր դերից եւ դիմադրությանն աջակցելուց: Այդ երկրները բոլոր ուժերով փորձում են վերացնել Սիրիան որպես պետություն` հենվելով «Ալ-Քաիդա»-ի եւ «Ջեբհաթ Ան-Նուսրիի» վարձկանների ու ծայրահեղականների վրա: Ուստի Սիրիան հիմա պատերազմ է վարում թաքֆիրիստների եւ ջիհադիստների դեմ»,- ասել է Ասադը:
Մեկնաբանելով իր ընդդիմախոսների գնահատականները` հակամարտության միջկրոնական բնույթի մասին, Բաշար Ասադը նկատել է, թե թշնամի խմբավորումներ կարող են հայտնվել ցանկացած հասարակությունում որպես հիվանդության օջախներ, ինչպես դա եղավ Սիրիաում դեռ նախորդ դարի 80-ական թվականներին: Սակայն սիրիացի ժողովրի մեծ մասին համար նրանց գաղափարները ընդունելի չեն եւ իրավիճակը կարգավորվել է:




























