Դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու համար ցեղասպանություն երեւույթը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նշել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ցեղասպանությունը հայ ժողովրդի ինքնության մաս է դարձել»,-ասաց արեւելագետը՝ հավելելով, որ 100 տարիների ընթացքում հայերը պայքարում են դրա ճանաչման համար, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո այն դարձել է պետության արտաքին քաղաքականության օրակարգի հարց:
Հիշեցնելով, որ շատ առաջատար երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Սաֆրաստյանը հիշատակեց Ռուսաստանի պետդումայում ընդգրկված յուրահատուկ փաստաթղթի մասին, որտեղ խոսվում է Արեւմտյան Հայաստանում թուրքերի կատարած հանցագործությունների մասին: «Արեւմտյան Հայաստանի մասին հիշողությունը հավերժ կմնա մեր սրտերում»,-ամփոփեց նա:




























