ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում դեղատան երկու հղի աշխատակցուհիներին պահել է ատրճանակի փողի տակ՝ պահանջելով իրեն ուժեղ ցավազրկող տալ, որը թույլատրվում է միայն բժշկի դեղատոմսով:
Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, «Արիաննա» դեղատան սեփականատեր Կարմեն Սեֆյանը եւ նրա գործընկերը կեսօրից հետո միայնակ են եղել դեղատանը, երբ ներս է մտել մի տղամարդ եւ ատրճանակը պահել նրանց վրա: Սեֆյանը, ով հղության վերջին ամսում է գտնվում, եւ նրա գործընկերուհին չեն տուժել միջադեպի ժամանակ:
«Ամեն ինչ տեղի ունեցավ րոպեների ընթացքում»,-ասել է նա: Մուգ ակնոցներով եւ մարզահագուստով տղամարդը ձեռքի մեջ սեղմել էր թուղթը, որտեղ գրված էր թմրանյութ պարունակող ցավազրկող դեղամիջոցի անվանումը՝ նորկո: Սեֆյանի խոսքով՝ այդ դեղամիջոցն ավելի ուժեղ է, քան ցավազրկող վիկոդինը:
Նա անմիջապես կարդացել է գրությունը, վերցրել է նորկոյի շիշն ու տվել տղամարդուն, ով վերցրել է դեղամիջոցն ու դուրս եկել դեղատնից:
Տղամարդը եղել է մոտ 30 տարեկան, սպիտակամորթ, նրան վերջին անգամ տեսել են մուգ գույնի սեդան նստելիս:
«Սա իսկապես զարմանալի է, քանի որ մենք գտնվում ենք իսկապես լավ թաղամասում»,-ասել է Կարմեն Սեֆյանը:




























