Աֆղանստանի հյուսիսային Թահար նահանգի Թուլուքան քաղաքի վարչական կենտրոն Բիբի Հավայում այսօր` ապրիլի 18-ին, աշակերտուհիները գազային հարձակման են ենթարկվել:
«Պաժվակ» գործակալության տվյալներով` 8, 11 եւ 12 դասարանի աշակերտուհիներն առավոտյան դասի են եկել եւ լսարանում տարօրինակ հոտ են զգացել, որից հետո որոշ աշակերտուհիներ կորցրել են գիտակցությունը: Դպրոցի տնօրենը տուժածներին դուրս հանելով` ոստիկանություն է զանգահարել: Իրավապահները հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 17 աշակերտուհիների:
Բժիշկները հայտնել են, որ աշակերտուհիներից ոմանց հաջողվել է ուշքի բերել եւ նրանք միջին առողջական վիճակով գտնվում են հոսպիտալում: Թունավոր գազի տեսակը դեռ չի բացահայտվել:
Ավելացնենք, որ Աֆղանստանում աշակերտուհիների թունավորում կազմակերպում են թալիբները, ովքեր դեմ են աղջիկների կրթություն ստանալուն: Անցյալ տարի Թահարում թունավոր ջրից եւ գազից տուժել էին 700 աշակերտուհիներ, հայտնում է «Ռոսբալթ»-ը:




























