Ներկայումս մենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում որպես միջնորդ ունենք ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ չեմ կարծում, որ Վրաստանը կարող է ինչ-որ կոնկրետ դեր խաղալ դիտորդական առաքելություն իրականացնելու տեսքով: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի՝ Բրյուսելում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վերացումը եւ հաշտության համաձայնագրի ստորագրումն, իհարկե, ԼՂ հակամարտության լավագույն լուծումը կլինի: «Ներկայումս ԼՂ հարցում մենք հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՆԱՏՕ-ն, ներկա պահին որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցում»,-ասել է Թորոսյանը՝ ընդգծելով, որ բոլոր կողմերը հստակ գիտակցում են, որ գոյություն ունի դիտորդական առաքելություն՝ ի դեմս Մինսկի խմբի, եւ որ նոր ձեւաչափերի ներգրավումը կարող է բարդացնել հակամարտության կարգավորումը:
«Որպես տարածաշրջանի պետություն, Վրաստանն, անկասկած, հետաքրքրված է ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարներով եւ, բնական է, որ վրացական կողմի համար ամենաձեռնտու տարբերակը խնդրի վերջնական կարգավորումն է»,-ասաց Թորոսյանը՝ նշելով, որ այդ մասին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է եւ Երեւանում, եւ Բաքվում:
«Թող վրացական կողմն օգտագործի իր հնարավորությունները՝ ԼՂ խնդրի կարգավորմանն օժանդակելու համար, իսկ մենք միայն կողջունենք այդ քայլերը, սակայն այստեղ կարեւոր է այն, որ լրացուցիչ միջնորդական նախաձեռնությունները չպետք է խոչընդոտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը»,-ամփոփեց ջավախքցի պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ Բրյուսելում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը կարող է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց խնդիրների լուծման հարցում:
«Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի 1-ին, երկրի ժողովրդավարացման ճանապարհին մեծ քայլ է: Փոփոխություններ եղել եւ լինելու են, բայց Վրաստանը կմնա մեզ համար որպես հուսալի գործընկեր, որը վճռականորեն ձտում է դեպի ՆԱՏՕ եւ կարող է մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության մեջ, կատարել այն դերը, որ կօգնի Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց խնդիրների լուծման մեջ»,- նշել էր Ափաթուրայը:




























