Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ ապրիլի 18-ին, ընդունել է Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին եւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում եւ օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին, երկրի ժողովրդավարական զարգացումներին: Նա Չեխիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները հետայսու ավելի բարձր է գնահատել, քանի որ Պրահայում արդեն գործելու է Հայաստանի դեսպանատուն: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված՝ շարունակական դարձնելու եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության եւ նրա անդամ երկրների, մասնավորապես Չեխիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
ԱԺ փոխնախագահը հորդորել է նաեւ չեխ գործընկերներին հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձեւը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ չի բխում խաղաղ բանակցությունների շահերից:
Չեխիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Բաուերը տեղեկացրել է, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին: Նա կարեւորել է միջպետական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների գործադրած ջանքերը եւ հավաստիացրել, որ Չեխիան պատրաստակամ է նպաստելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ու եվրաինտեգրման իր փորձը փոխանցելու բարեկամ երկրին:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ:




























