Չեխ խորհրդարանականներին պատիվ չի բերում Ադրբեջանի նավթադոլարային քարոզչության ազդեցությամբ նման բանաձեւերի ընդունումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Հայաստանի ԱԺում հայտարարել է Հայաստանի ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ Չեխիայի խորհրդարանի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, հանդիպման սկզբում անդրադառնալով Յան Բաուերի ակտիվ մասնակցությանը՝ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ թիվ 219 բանաձեւի ընդունմանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ճիշտ կլիներ, որ նա բանաձեւին կողմ քվեարկելուց առաջ այցելեր Հայաստան, որպեսզի կարողանար իրական պատկերացում ստանալ Խոջալուի դեպքերի մասին:Մշտական հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանում գնտվելու ընթացքում Յան Բաուերը կփորձի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ որպես ԵՄ անդամ՝ չեխ խորհրդարանականներին պատիվ չի բերում Ադրբեջանի նավթադոլարային քարոզչության ազդեցությամբ նման բանաձեւերի ընդունումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովին վերաբերող հարցեր: Չեխ խորհրդարանականներն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից որոշակի պարզաբանումներ եւ մեկնաբանություններ խնդրեցին մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Յան Բաուերն ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հրավիրեց այցելել Չեխիայի խորհրդարան:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Չեխիայի խորհրդարանի եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչը, Ֆրանտիշեկ Նովոսադը, հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովանը:




























