Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանն այսօր՝ ապրիլի 18-ին, Հայաստանի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտակ Զաքարյանը ողջունելով Չեխիայի խորհրդարանական պատվիրակության այցն Ազգային ժողով` ընդգծել է, որ Չեխիան բարեկամ երկիր է եւ Հայաստանի հետ ունի հին, պատմական ավանդույթներ: Մշտական հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, իսկ խորհրդարանական կապերի խորացման առումով կարեւորեց հանձնաժողովների փոխգործակցությունը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին, հայ-թուրքական արձանագրություններին եւ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրին:

Յան Բաուերը Հայաստանի՝ Եվրաինտեգրման ճանապարհին կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Նա պատրաստակամություն է հայտնել փոխանցելու Եվրաինտեգրման ուղղությամբ ձեռք բերված իրենց հարուստ փորձը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւս կարեւորել է Հայաստանի՝ Եվրամիությանն ամենասերտ ինտեգրումը: