Մոտ 100 ավերված շինություն, 14 զոհ եւ մոտ 160 վիրավոր. այսպիսին են Թեքսասի պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած տեխնածին աղետի նախնական արդյունքները: Փրկարարները պայթյունի ալիաից փլված շենքերի փլատակների տակ կենդանի մարդկանց չեն գտել: Այս մասին պատմել է Թեքսասի Վեսթ քաղաքի քաղաքապետ Թոմի Մուսկան:

«Դեռ կենդանի մարդկանց գտնելու որոշ հույս կա , բայց այնպիսի զգացողություն է, որ այստեղ ատոմային ռումբ է պայթել»,-ասել է քաղաքապետը: Ինչպես հաղորդում է ABC News-ը, այս պահի դրությամբ անհայտ կորած է համարվում 35-40 մարդ: Այսպիսով, զոհերի թիվը կարող է աճել:

Զոհերի ու վիրավորների թիվը չի շտապում ամփոփել նաեւ ոստիկանությունը: Այս պահին փրկարարները շարունակում են փլատակների տակ մարդ որոնել: Այդ տարածքում բնակվող մոտ 3 հազար մարդ տարհանվել է, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Հիշեցնենք, որ Թեքսասի Վեսթ քաղաքում գտնվող պարարտանյութերի West Fertilizer գործարանում վթարը տեղի է ունեցել ապրիլի 18-ի առավոտյան: Նախնական տեղեկությունների համաձայն պայթյունի պատճառը հրդեհն է եղել, որն սկսվել է ամիակի պահեստում: Պայթյունի հզորությունն այնքան մեծ է եղել, որ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 2 բալ ուժգնության ցնցում է արձանագրել: