Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը որոշել է քվեաթերթիկների լրացուցիչ հաշվարկ իրականացնել: Այս մասին հայտարարել է Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան:
Վենեսուելայի օրենսդրության համաձայն՝ քվեարկությունն ավտոմատացված է, իսկ քվեատուփերի 54 տոկոսը աուդիտորական ստուգում է անցնում քվեարկության օրը: Այսպիսով, մնացած 46 տոկոս ձայների աուդիտ կանցկացվի:
Տիբիսայ Լուսենան ընդգծել է, որ խոսքը ոչ թե ձայների հաշվարկի մասին է, այլ հենց քվեաթերթիկների աուդիտի, որոնք քվեարկության օրը ստուգում չեն անցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին» կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը համաձայնել է Ազգային ընտրական խորհրդի որոշման հետ:
Ձայների վերահաշվարկի ամսաթիվը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ, միաժամանակ Վենեսուելան պատրաստվում է ընտրություններում հաղթած Մադուրոյի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 19-ին:
Արարողությանը ներկա կլինեն մոտ 15 արտասահմանյան պատվիրակություններ՝ պետության ղեկավարներ, վարչապետներ, փոխվարչապետներ: Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Երդմնակալությանը, մասնավորապես, ներկա կլինեն Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Իրանի, Նիկարագուայի, Ուրուգվայի, Էկվադորի նախագահները:
Ըստ պաշտոնական տվյալների Մադուրով ստացել է ձայների 50,7 տոկոսը, իսկ ընդդիմադիր Կապրիլեսը՝ 48,9 տոկոսը: վերջինս չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ հայտարարել է, որ դրանք կեղծվել են: Ընտրություններից հետո Վենեսուելայում զանգվածային հուզումներ են սկսվել:




























