Գարնան վերջին կիրակի օրը՝ մայիսի 26-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ի եւ «ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Ճանաչիր Երեւանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը:
Մրցույթ-հեծանվավազքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական խմբերի 5 հոգանոց թիմեր:
Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, ճանաչելի դարձնել Երեւան քաղաքի հայտնի եւ անհայտ վայրերը, այգիները, շենքերը։ Այս կերպ կխթանվի նաեւ առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգստը, բացի այդ, կընդգծվի հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարեւորությունը։
Հեծանվավազքը կմեկնարկի Շահումյանի հրապարակից։ Յուրաքանչյուր խումբ պետք է անցնի Երեւան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։
Երիտասարդական կառույցներն ու խմբերը հեծանվավազքին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 30-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:





























