Այսօր՝ ապրիլի 19-ին, ամփոփվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված երկու մրցույթների արդյունքները: Մրցանակներ էին նախատեված  ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում եւ միջազգային առաջատար լրատվամիջոցներում  ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար:

Մրցույթին մասնակցած եւ համապատասխան հոդվածներ ունեցող երեք մրցանակակիրները «Տաշիր»  բարեգործական հիմնադրամի կողմից կպարգեւատրվեն 400 հազարական դրամի չափով: Մրցանակի են արժանացել .

1.Վահրամ Այվազյանը` «Ցեղասպանություն. մտադրությունը, հիմնավորումը եւ տիպոլոգիան» աշխատանքի համար, որը վերլուծում է ցեղասպանության, որպես ծանրագույն հանցագործության, տեսական եւ գործնական հիմքերը, որոնք հանգեցնում են ոճրագործ պետության եւ գործող հանցակից անձանց կողմից իրենց մտադրության իրականացմանը:

2.Տիգրան Սարուխանյանը` «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատանքի համար: Հեղինակը լուսաբանել է այնպիսի կարեւորություն ներկայացնող գիտական հիմնախնդիր, ինչպիսին հայ ժողովրդի բնաջնջման ընթացքում, պատերազմում Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիայի որդեգրած քաղաքականությունն է, մասնավորապես` ոճրագործության կատարման գործում նրա ունեցած մեղսակցությունը:

3. Ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը` «Հայոց ցեղասպանության օրինակը եւ միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատության համար: Հեղինակը տեսակետ է զարգացնում, որ Հայոց ցեղասպանությունը օսմանյան հասարակարգի բնական զարգացման մի գործընթաց էր, որը ձեւափոխման իր այդ փուլում ընտրեց հայ ժողովրդի տեղահանության եւ բնաջնջման ծրագիրը, որպես պետական եւ հասարակական միատարր միավոր ստեղծելու հնարավոր ճանապարհ։

Հաշվի առնելով, որ մրցանակակիրներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հայ մրցանակակիրներն այս պահին գործուղման մեջ են արտերկրում, մրցանակների հանձնման արարողությունը կանցկացվի հայաստանցի մրցանակակիրների` ՀՀ-ում գտնվելու ժամանակ:

Հավելենք, որ նշյալ մրցույթները շարունակական են եւ ընդգրկելու են ամեն տարվա ապրիլի 20-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածները` մինչեւ 2015թ.: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը միջազգայնացնողներին: