Պակիստանում ձերբակալել են նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին: Ոստիկանները նրան ձերբակալել են Իսմալաբադի մերձակայքում գտնվող նստավայրում եւ տեղափոխել դատարան, որտեղ քննվում է նրա դեմ քրգործը պետական դավաճանության մեղադրանքով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ երեկ դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին կալանավորելու օրդեր էր տվել, թեեւ նրա փաստաբանները նրան գրավով ազատելու միջնորդություն էին ներկայացրել։ Լսելով դատավորի որոշումն ու չսպասելով կալանքին՝ Մուշարաֆը փախել էր նիստերի դահլիճից։

Ոստիկանները պատրաստվել են կալանավորել քաղաքական գործչին, սակայն նա բառացիորեն դուրս էր պրծել իրավապահների ձեռքից եւ սեւ մեքենայով փախել է անհայտ ուղղությամբ: Հինգ տարի վտարված լինելուց հետո քաղաքական գործիչը երկիր էր ժամանել մարտի վերջին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Սակայն դատարանն արգելել էր նրան առաջադրվել։ Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները սպառնացել էին, որ եթե Փ.Մուշարաֆը համարձակվի վերադառնալ Պակիստան, նրան կսպանեն։ Քաղաքական գործիչն արհամարհել էր սպառնալիքները։