Ուկրաինայի լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ վերջերս Ուկրաինայի նախագահի կողմից ներում ստացած ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն Twitter-ի իր բլոգում գրել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ապրիլի 28-ին ազատ կարձակվի: Հրապարակման մեջ նշվել է, որ այս մասին իրեն պատմել է ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` հեռախոսազրույցի ժամանակ:
Ընդ որում, ինչպես հաղորդել է ՈւՆԻԱՆ-ը, Լուցենկոյի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հաղորդել է, որ Լուցենկոն Twitter չի օգտագործում եւ որ հաղորդագրությունը հրապարակվել է ֆեյքի միջոցով:
«Ուկրաինսկայա պրավդա»-ն հաղորդել է, որ Գերագույն ռադայում ընդդիմության խմբակցության պատգամավորներն ապրիլի 18-ին երկրի նախագահին դիմում են հղել` նախկին վարչապետին ազատ արձակելու պահանջով: Երկրի նախագահի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` նախագահը դիմումն ուշադրության է արժանացրել:
Տիմոշենկոն դատապարտվել է 2011 թվականին յոթ տարվա ազատազրկման, Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու համար, իսկ 2012 թվականին նրան մեղադրել են նաեւ սպանության մեջ: Հետաքննության վարկածով` երկրի նախկին վարչապետն ու Պավել Նազարենկոն, ովքեր միասին գլխավորել են «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիան, պատվիրել են Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենիա Շերբանի մահը:
Ապրիլի 6-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը 6 դատապարտվածների, այդ թվում եւ վեց տարի ազատազրկման դատապարտված Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյին ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել:




























