Ավելի քան մեկ միլիոն մարդ Արգենտինայի մայրաքաղաքում եւ մոտ երկու միլիոն մարդ այլ քաղաքներում բողոքի ցույցեր են իրականացրել, հայտնել են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով ոստիկանության տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վերջին ամիսների ընթացքում դրանք համազգային ամենախոշոր ցույցերն են:
Ցուցարարների գլխավոր պահանջը բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարն է:
Կիրակի սկանդալ էր հասունացել՝ կապված ներկա կառավարությանը մոտ կանգնած ֆինանսիստների կողմից փողեր լվանալու հետ: Ցուցարարները նաեւ բողոքել են նախագահ Քրիստինա Քիրշների նախաձեռնած դատական եւ սահամանադրական բարեփոխումների դեմ, որոնք հնարավորություն են տալիս Քիրշներին երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվել:
Ցուցարարները մեղադրել են կառավարությանը գնաճի դեմ պայքարելու ցանկության բացակայության եւ անկարողության, ինչպես նաեւ անարդյունավետ տնտեսական քաղաքականության մեջ:
Բացի այդ Լա-Պլատա քաղաքում, որտեղ վերջերս տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվել էր ավելի քան 53 մարդ, ցուցարարները տեղի իշխանություններին մեղադրել են աղետից հետո մոտ մի քանի ժամ անգործության մատնվելու, իսկ կենտրոնական իշխանություններին` քաղաքի ենթակառուցվածքներում անբավարար ներդրումներ կատարելու մեջ: Նմանատիպ բողոքի ցույցեր անցկացվել են նաեւ Սալտա, Տուկուման, Ռոսարիո եւ մի քանի այլ քաղաքներում:































