Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ հուսյեր է կապում վարչապետի աշխատանքի հետ` նրանից բազմաթիվ պահանջներ ունենալով: Այդ մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը:
Հարցին, թե ինչ նկատառումներից ելնելով է ՀՀԿ-ն քվեարկել Տիգրան Սարգսյանի օգտին` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Հովհաննես Սահակյանը հիշեցրել է, որ ՀՀԿ Գործադիր մարմինն ու Խորհուրդը միաձայն են քվեարկել: Այդ համատեքստում նա հայտարարել է, թե անցած հինգ տարիներին Հայաստանը հաղթահարեց բավական բարդ փուլ, եւ թիմն ապացուցել է, որ կարող է դիմագրավել համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Պատգամավորի խոսքով, այսօր հրապարակված վիճակագրական տվյալները հաստատում են իր ասածը: «վարչապետից պահանջներն ու ակնկալիքները շատ մեծ են: Նա միշտ քննադատության թիրախ է»,- ասել է Սահակյանը` ընդգծելով, որ կես տարուց մինչեւ մեկ տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ կգրանցվեն:




























