Անթալիայի ափին քարեր հավաքող ամերիկացի զբոսաշրջիկին սպառնում է 12 տարվա ազատազրկում: Տղամարդուն մեղադրում են հնագույն մասունքների մաքսանենգության մեջ, գրում է The Telegraph-ը: Մեղադրյալը Միսիսիփի նահանգի 30-ամյա բնակիչ է: Անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հարցաքննել են անցած շաբաթ, օդանավակայանի տարածքում: Մաքսավորները նրա ուղեբեռում ափի քարեր եւ աղբ են գտել, այդ թվում` աղյուսի եւ մարմարի կտորտանք: Դրան էլ հնագույն մասունքներ են որակվել:
Զբոսաշրջիկը պատմել է, որ ինքն ու կինը սիրում են քարեր եւ այլ առարկաներ հավաքել ծովափին, եւ տուն են տանում որպես հուշանվեր: Ամերիկացին պատկերացնել էլ չէր կարող, որ պատմական արժեքներ է գտել: Զբոսաշրջիկը դրանք գտել է սովորական ափին, որի մերձակայքում պատմաան շինություններ չկան:
Թուրքիայում խիստ օրենքներ են գործում, որոնք արգելում են պատմական առարկաների մաքսանենգությունը: Նման արարքի համար առավելագույն պատիժը 12 տարի է: Տղամարդուն ազատ են արձակել, բայց արգելել են լքել Թուրքիայի տարածքը:




























