ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով նախաքննությունն ավարտված է: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ կան մի շարք դիտողություններ եւ միջնորդություններ, որոնք պատրաստվում են ներկայացնել դատաքննության փուլում, դրանք վերաբերում են ե’ւ կատարողներին, ե’ւ պատվիրատուներին:

Նա շարունակեց պնդել, որ երեք  մեղադրյալներից բացի կան այլ կատարողներ, սակայն այլ մանրամասներից եւ գնահատականներից զերծ մնաց:

Բաղդասարյանը նշեց, որ դատաքննության ընթացքում կպարզվի, թե արդյոք Վարդան Սեդրակյա՞նն է պատվիրատուն, թե՝ ոչ: «Առերեսում եղել է երեք անձանցից մեկի եւ Հայրիկյանի միջեւ: Տվյալ դեպքում կոնկրետ կատարողի միջեւ»,- ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ իրավապահ մարմիններին չվստահելու հիմքեր չունի այս պահին: Նա նաեւ ասաց, որ կատարողը պնդել է, որ սպանելու ցանկություն չի ունեցել, այլ ընդամենը ցանկացել է վախեցնել: «Բայց տրամաբանությունից դուրս է, թե վախեցնելու համար ինչի է կրծքին կրակել»,- նկատեց փաստաբանը:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է  կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):