Ֆրանսիացի ընտանիքը, որ առեւանգվել էր Կամերունի հյուսիսում եւ ուղարկվել էր Նիգերիա, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Կամերունի իշխանություններին, յոթ անձից բաղկացած ընտանիքը, այդ թվում` չորս երեխաներ, տեղափոխվել են Կամերուն եւ հանձնվել տեղական իշխանություններին: «Նրանք բոլորն էլ ողջ-առողջ են»,- նշել է Կամերունի նախագահի ներկայացուցիչը, հաղորդում է RBC-ն:

Ֆրանսահպատակները առեւանգվել էին Կամերունում 2013թ. փետրվարի 19-ին, Վազա ազգային արգելոցում, Նիգերիայի սահմանից ոչ հեռու:

Առեւանգման պատասխանատվությունը ստանձնել էր իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը պահանջել էր փոխանակել ֆրանսիացիներին իր ձերբակալված անդամների հետ: Սակայն Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, թե Փարիզը բանակցություններ չի վարելու ահաբեկիչների հետ: