Ֆրանսիայում սկսվել է 2007 թվականին Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի` Լիբիայի այդ ժամանակվա ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Մուամար Քադաֆիի կողմից ֆինանսավորման վերաբերյալ գործի հետաքննությունը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Ֆրանսիական իրավապահ մարմիններից հայտնել են, որ հետաքննությունն սկսվել է «կաշառակերություն եւ կոռուպցիա», «կեղծիք» եւ «փողերի լվացում» հոդվածներով:

Առաջին տեղեկություններն այն մասին, որ Քադաֆիի ռեժիմը ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական քարոզարշավը, շրջանառվել են 2011 թվականին, Քադաֆիի տապալումից ոչ շատ առաջ: Նրա որդին` Սեյֆ ալ-Իսլամը հավաստիացրել է. «Մենք ֆինանսավորել ենք նրա քարոզարշավը, եւ մենք ապացույցներ ունենք»: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է «բանկային հաշիվներին եւ փողերի փոխանցման գործողություններին», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2012 թվականի ֆրանսիական մամուլում հրապարակվել էր 50 մլն եվրոյի մասին: Այդպիսի թիվ նշել էր Ֆրանսիայում իր լրագրողական ակտիվ հետաքննություններով հայտնի «Մեդիապարտ» գործակալությունը: Հավանական գործարքի միջնորդը եղել է ֆրանկո-լիբիացի գործարար Զիյադ Թաքիեդինը, ով լրագրողներին հաստատել է, որ Քադաֆին Սարկոզիին ֆինանսավորել է ոչ միայն քարոզաչշավի ժամանակ, այլ նաեւ այլ նպատակների համար: «Փաստաթղթերը գոյություն ունեն: Ես դրանք տեսել եմ»,-ընդգծել է նա: Այդ ֆոնի վրա ավելի վաղ խուզարկել են նաեւ Ելիսեյան պալատի նախկին գլխավոր  քարտուղար Քլոդ Գեանի բնակարանը: