Բոսթոնում սպանված 26-ամյա ահաբեկիչ Թամերլան Ցարնաեւը զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով եւ պատրաստվում էր հանդես գալ Օլիմպիական հավաքականում: Նա պարապել է Բոսթոնի  Wai Kru MMA խառը տեսակի մարտարվեստների կենտրոնում: Լուսանկարչական նախագծի ժամանակ, որին նա մասնակցել է, ասել է. «Բռնցքամարտի կբռնվեմ հանուն անձնագրի»:

Նկարներից մեկին արված գրառումներում ասվել է. «Ծնունդով Չեչնիայից է, բայց արդեն հինգ տարի է` ապրում է ԱՄՆ-ում: Նա ասել է. «Ես ամերիկացի ընկերներ չունեմ, մենք իրար չենք հասկանում»,- հայտնել է ՌԲԿ-ն: «Նա մտադրվել է հանդես գալ հանուն Չեչնիայի, եթե այն անկախություն ստանա, կամ հանուն ԱՄՆ-ի, բայց չի պատրաստվում հանդես գալ հանուն Ռուսաստանի»,-ասվել է գրառման մեջ, հայտնում է «Ռ-սպորտը»: Ցարնաեւ եղբայրները, ովքեր Բոսթոնում մարաթոնի ժամանակ կազմակերպել են ահաբեկչական ակտը, Թուրքիայի քաղաքացիություն ունեն եւ ԱՄՆ տարածք են մտել թուրքական վիզաներով:   

Ցարնաեւ եղբայրների հորեղբայրը չգիտի, թե ինչը կարող էր նրանց դրդել նման «բարբարոսական քայլի»: Նրա խոսքով` նրանք ԱՄՆ-ում փախստականների կարգավիճակ ունեին, իսկ ավագը` Թամերլանը, հակված էր ծայրահեղության:

Բոսթոնի WBZ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ահաբեկիչների հորեղբայր Ռուսլան Ցարնաեւը ենթադրել է, որ եղբայրների ծնողները հնարավոր է Ռուսաստան են մեկնել: Թամերլան Ցարնաեւին հորեղբայրը «ձախորդ է» համարել եւ ասել, որ նա փոխհրաձգության ժամանակ մահվան է արժանի եղել: «Նրանք արժանի չեն Երկրի վրա ապրելու»,- ավելացրել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Որպես Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւների հայր ներկայացած Անզոր Ցարնաեւը, ով ապրում է Մախաչկալայում, ասել է, որ եղբայրների «գլխին սարքել» են հատուկ ծառայությունները: Նրա հետ հեռախոսով խոսել է «Ինտերֆաքսի» թղթակիցը:

Փոքր տղային` 19-ամյա Ջոհարին, ով ներկա պահին թաքնված է ոստիկանությունից, տղամարդն անվանել է «իսկական հրեշտակ»: «Փոքրը հիմա թաքնված է, նա ԱՄՆ-ում սովորում էր բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսում: Մենք նրան սպասում էինք արձակուրդներին: Այժմ չգիտեմ` ինչ կլինի»,- ասել է տղամարդը: Նա նաեւ ինքն իրեն հարց է տվել` ինչու է հրաձգության ժամանակ սպանվել մեծ տղան` 26-ամյա Թամերլան Ցարնաեւը: «Չէ որ նրան պետք է կենդանի վերցնեին»,- ասել է Անզորը: