ԵՄ-ի հետ այսօր կնքված ռեադմիսիայի համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Բրյուսելում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ այսօր Նալբանդյանը Բրյուսելում, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:
Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել եւ անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսեւորում»։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2011թ-ի հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական եւ աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։ «Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը շարժունակության, միգրացիայի եւ մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առաջընթաց է ապրել վերջին տարիների ընթացքում»,-ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտել է. «Մենք ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:
Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Ընդլայնման ու հարեւանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաեւ ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:
Բանակցությունների օրակարգում էին ս.թ. սեպտմբերին Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։




























