Թուրքական NTV-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան գործով դատախազությանը տված հայտարարության մեջ Օզալի կինը պնդել է, որ ամուսնուն սպանողի անունը Հասան Ալիօղլու եւ ապրում է Ադրբեջանում։
NTV-ին հասած փաստաթղթում Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի կինը՝ Սեմրա Օզալը դատախազությունում տված հայտարարության մեջ նշել է. «Ամուսնուս մահից 5 տարի հետո, երբ ապրում էի Ստամբուլի մեր տանը, մի անծանոթ է եկել եւ թիկնապահներին ասել, որ ուզում է անձամբ ինձ հետ հանդիպել։ Երբ նրան ասել են, որ ես տանը չեմ այդ պահին, նա մի գրություն է թողել, որտեղ գրված է եղել, որ Թուրգութ Օզալին սպանել են եւ սպանողի անունն էլ Հասան Ալիօղլու է»։
Դատախազությանը տված հայտարարության մեջ Սեմրա Օզալը գրել է, որ անծանոթը նաեւ հայտնել էր, որ իր ամուսնուն սպանողը Ադրբեջանում է ապրում եւ տվել նրա հասցեն։
Նշենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել:
Թուրգութ Օզալի գերեզմանը բացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին։ Փորձաքննությունից հետո Օզալի աճյունը վերահուղարկավորվել էր նույն տեղում։



























