Ոստիկանությունը Ուոթերթաուն քաղաքում շարունակում է Բոսթոնի ահաբեկչության կասկածյալներից Ջոհար Ցարնաեւի որոնումները:

Տեղական հայ համայնքի ներկայացուցչի խոսքով, ոստիկանություն շարունակել է որոնումներն ամբողջ գիշեր եւ առավոտյան, հաղորդում է «Armenian Weekly»-ն:

Խուզարկություններ են իրականացվել նաեւ հայկական դպրոցում, եկեղեցում եւ հայկական խանութներում: Իշխանությունները ողջ շրջանը վերցրել են վերահսկողության տակ` խնդրելով բնակիչներին մնալ տանը: Երթեւեկությունը Ուոթերթաունում դադարեցվել է, ոստիկանությունը հրահանգել է չբացել գրասենյակներն ու խանութները:

Նաեւ չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, որը կայանալու էր Մասաչուսեթսի Ներկաացուցիչների պալատում:

Հիշեցնենք, որ Ցարնաեւ եղբայրները հրաձգություն էին սկսել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ, ապա առեւանգված մեքենաով ուղեւորվել Ուոթերթաուն: Ձերբակալության փորձի ժամանակ Տամերլայն Ցարնաեւին սպանել էին, իսկ Ջոհար Ցարնաեւը փախուստի մեջ է: