Մասաչուսեթսի համալսարանի ղեկավարությունն այսօր՝ ապրիլի 19-ի ցերեկը հայտարարել է ուսանողների ու աշխատակիցների համընդհանուր տարհանման մասին՝ «անվտանգության նկատառումներից» ելնելով:
Հատուկ հայտարարությունում բուհի ղեկավարները մարդկանց խնդրել են հանգստություն ցուցաբերել եւ կազմակերպված լքել կամպուսի տարածքը: Տարհանումը կապված է նրա հետ, որ Բոսթոնում ապրիլի 15-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Ջոհար Ցարնաեւը այդ համալսարանի ուսանող է, հաղորդում է Lenta.ru-ն:
Միաժամանակ Ուոթերթաունում (Բոսթոնի հարեւանությամբ) շարունակում է շրջափակված մնալ շենքերից մեկը, որտեղ կարող է թաքնված լինել կասկածյալներից մեկը: Սակայն հստակ տեղեկատվություն չակ, թե որտեղ է գտնվում է 19-ամյա Ցարնաեւը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նրա ավագ եղբայրը՝ Թամերլան Ցարնաեւը սպանվել էր ապրիլի 19-ի գիշերը՝ ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում: Կրտսեր եղբորը հաջողվել է փախուստի դիմել: Նրան որոնելու ընթացքում բոստոնցիներին եւ շրջակա բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվել տներից դուրս չգալ եւ անծանոթների առջեւ դուռ չբացել:
Ամերիկացի քննիչների կարծիքով՝ Ցարնաեւ եղբայրները կազմակերպել եւ իրականացրել են Բոսթոնի մարաթոնի ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ:




























