ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ապրիլի 19 –ին հայտարարել է , որ չի պատրաստվում շահարկել  Բոսթոնի ահաբեկչության թեման: «Չեմ պատրաստվում հիփոթեզների կառուցմամբ զբաղվել»,-ասել է Քերրին` ի պատասխան ահաբեկիչների` Չեչնիայի հետ ենթադրյալ կապի մասին հարցին:

Նրա խոսքով` ահաբեկչությունն ամենասարսափելի երեւույթն է, ուստի  դրա դեմ պայքարում միջազգային համագործակցությունն ավելի կարեւոր է դառնում: Քերրին հրաժարվել է պատասխանել հարցին, արդյոք նման համագործակցություն իրականացվում է  Մոսկվայի հետ կոնկրետ այդ դեպքի հետ կապված. «Այս պայմաններում տեղին չի լինի մեկնաբանել տեղեկությունների ինչ-ինչ հատվածներ»: Քերրին այդ հայտարարությունը կատարել է Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո:

Միաժամանակ, Բոսթոնի իրադարձություններին արձագանքել են ռուսաստանյան իշխանությունները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնական տեղեկատվություն է սպասում ԱՄՆ իշխանություններից Բոսթանում կատարվածի հետ կապված: