ԱՄՆ ոստիկանները ձերբակալել են ենթադրյալ ահաբեկիչ 19-ամյա Ջոհար Ցարնաեւին: Ձերբակալման գործողությանը մասնակցել են հարյուրավոր ոստիկաններ: Ջոհար Ցարնաեւը հայտնաբերվել է Չառլզ գետի մոտակայքում, նա թաքնվել էր տներից մեկի բակում գտնվող նավակում՝ ռետինե ծածկոցի տակ:
Ոստիկանությունը ջերմային սարքի օգնությամբ սկանավորել է նավակը, որը հաստատել է, որ ծածկոցի տակ մարդ կա, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով NBC News-ը:
Մտավախություն ունենալով, որ երիտասարդը հնարավոր է մահապարտի ժիլետով լինի, հատուկջոկատայինները ձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի անակնկալի բերեն ահաբեկչին եւ կենդանի ձերբակալեն: Ցարնաեւը գործողության ընթացքում վիրավորվել է:
«Ձերբակալության ժամանակ Ցարնաեւը ակտիվ դիմադրություն է ցույց տվել, սկսել է կրակել ոստիկանների ուղղությամբ»,-հայտնել է Բոսթոնի ոստիկանության կոմիսար Էդվարդ Դեւիսը: Միաժամանակ Ցարնաեւին հնարավոր է եղել հայտնաբերել տեղի բնակչի զգոնության շնորհիվ: «Նա իր բակում գտնվող նավակի վրա արյան հետքեր է տեսել եւ անմիջապես տեղեկացրել ոստիկանությանը: Մենք շնորհակալ ենք նրան»,-ասել է ոստիկանը:
Բժիշկները Ջոհար Ցարնաեւի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում, նա գտնվում է Մասաչուսեթսի նահանգի գլխավոր հիվանդանոցում (Բոսթոնում): Ցարնաեւը վնասվածք է ստացել ոտքերի եւ վզի շրջանում: Նույն հիվանդանոցում են գտնվում նաեւ Ջոհար Ցարնաեւի եւ նրա եղբոր հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորված ոստիկանները, հաղորդում է «Ռոսբալտը»:
Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԴԲ-ն Բոսթոնի մարաթոնի ահաբեկչության գործով ձերբակալել է երեք մարդու: Ձերբակալությունները տեղի են ունեցել Բոսթոնից 80 կմ հեռավորության վրա գտնվող Նյու Բեդֆորդ քաղաքում: Ձերբակալությունները տեղի են ունեցել բուհերից մեկի հանրակացարանի շենքում, որտեղ նախկիում եղել է Ջոհար Ցարնաեւը:
Նախօրեին Ուոթերթաունի ոստիկանությունը ձերբակալել էր Ջոհարի ավագ եղբորը՝ Թամերլան Ցարնաեւին, ով ավելի ուշ ստացված հրազենային վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում:
Ծնունդով Հյուսիսային Կովկասից Ցարնաեւ եղբայրները կասկածվում են Բոսթոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողական ավանում հրաձգություն իրականացնելու մեջ:




























