Չինաստանի Սիչուան նահանգում, այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի ժամանակով 04:02-ին, 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության ճշտված տեղեկություններով, ցնցման մագնիտուդը կազմել է 6,6: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 12,3 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է նահանգի վարչական կենտրոն Չենդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Լուշան բնակավայրի մոտ:

Նախնական հաշվարկով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 37 մարդ, ավելի քան 600 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի CCTV կենտրոնական հեռուստատեսությունը: РБК-ն՝ վկայակոչելով AP-ն, հաղորդում է 72 զոհի մասին : Երկրաշարժի էպիկենտրոնում առկա է սողանքների վտանգ:

Հիմնական ստորերկրյա ցնցումից հետո տեղի են ունեցել էլի մի քանի ցնցումներ, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 5,1:

Ներկայումս հայտնի է շուրջ 10 հազար շենքերի փլուզման մասին, դադարեցվել է հիմնական աջագընթաց մայրուղիների երթեւեկությունը, խափանվել է կապը, աղետի գոտի են շտապում փրկարարներ ու բժիշկներ: Փակվել է Չենդու քաղաքի միջազգային օդանավակայանը, չի գործում երկաթուղին: